«Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» ծրագրի մասնակցության հրավեր Լոռու մարզկենտորնի բուհերում սովորող երիտասարդների համար

     


Եթե ուսանող ես և սովորում ես Լոռու մարզկենտրոն Վանաձորի բուհերից որևէ մեկում, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է: Մասնակցի՛ր և ստացիր արդիական, կարևոր գիտելիքներ ամբողջ կյանքի համար, որոնք կօգնեն պաշտպանել քեզ ու հարազատներիդ թվային միջավայրում առկա զանազան խարդավանքներից, չդառնալ կիբերհանցագործությունների զոհ, տարբերել կեղծ տեղեկատվությունը հավաստիից, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող կեղծիքներին, լինել մեդիագրագետ և պաշտպանված:

*** Դասընթացի արդիականությունն ու կարևորությունը

Ներկայիս աշխարհն անհնար է պատկերացնել առանց թվային միջավայրի: Հատկապես երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում՝ տարաբնույթ շփումներ սոցիալական ցանցերում, տեսանյութերի դիտումներ, ամենատարբեր տեղեկատվական աղբյուրների կողմից արտադրված ոչ հավաստի տեղեկատվության սպառում ու տարածում, ակամայից վիրուսների ու սպամների տարածում, օնլայն խաղեր, որոնցից շատերն ազդում են հոգեվիճակի վրա, անգամ դրդում ինքնասպանությունների, առցանց էլեկտրոնային առևտուր, որը հաճախ ավարտվում է մարդկանց բանկային տվյալները կորզելով և դրամաշորթությամբ...

Արյունքում շատ երիտասարդներ տրվում են թվային միջավայրում առկա ամենատարբեր մեդիա մանիպուլյացիաներին և դառնում տարբեր կիբերհանցագործությունների զոհ՝ ֆիշինգ, անձնական տվյալների գողություն, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածում, համակարգչային ծովահենություն, կիբերբուլինգ և այլն:

Թվային միջավայրում գրագետ և պաշտպանված լինելն առավել կարևոր է հակամարտությունների մեջ գտնվող երկրներում, որտեղ մեդիան, որպես հզոր զենք, օգտագործվում է հակառակորդի կողմից զանազան կիբերհանցագործությունների և ապատեղեկատվություն տարածելու նպատակով, եւ սահմանին ընթացող իրական պատերազմից զատ ընթանում է նաև թեժ տեղեկատվական պատերազմ և կիբերպատերազմ, որի մեջ կարող է ներքաշվել մեզնից յուրաքանչյուրը:

Ուստի  մեր  օրերում թվային միջավայրում գրագետ և պաշտպանված լինելը ժամանակի պահանջ է:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԱՌՑԱՆՑ ՏԻՐՈՒՅՈՒԹՄ ԵՎ ՉԴԱՌՆԱԼ ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀ:

ԱՄԵՆԱՊԱՐԶ ՈՒՂԻՆ ՍՈՎՈՐԵԼՆ Է:

Հաշվի առնելով այս ամենը՝ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման  ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող երիտասարդների համար»  նախագիծը,  որի նպատակն է՝ զարգացնել Լոռու մարզկենտրոն Վանաձորի բուհերում սովորող ծրագրի շահառու լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբերգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբերհանցագործություններից (ֆիշինգ, համակարգչային ծովահենություն, կեղծ առևտրային գործարքներ, դրամաշորթություն, կիբերբուլինգ և այլ վտանգավոր երևույթներ):  Ծրագրի նպատակն է նաև Լոռու մարզկենտրոնի բուհերի ուսանողների միջև ձևավորել համագործակցության և առողջ մրցակցության նոր` մեդիա միջավայր, նպաստել ուսանողների հետաքրքիր և բովանդակալից  ժամանցի կազմակերպմանն ու ոչ ֆորմալ կրթությանը, ձևավորել քննադատական-վերլուծական մտածողություն, օգնել շահառուներին թվային արագ փոփոխվող միջավայրում ինքնուրույն կողմնորոշվելու, փաստերը, տվյալները վերլուծելու, հասկանալու, իրենց և հարազատներին թվային միջավայրում առկա վտանգներից պաշտպանելու:

Ծրագրի առաջին փուլում՝  ս. թ. մարտի 24-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձորի բուհերում կանցկացվեն  տեղեկատվական դասընթացներ (յուրաքանչյուր բուհում մեկ օր, օրը և ժամը նախապես կհամաձայնեցվի տվյալ բուհի հետ), որին կարող են մասնակցել յուրաքանչյուր բուհից առավելագույնը 20  ուսանող, որոնք տեսական և գործնական առաջադրանքների, «մեդիամարտերի» ու խաղերի միջոցով կսովորեն լինել ավելի պաշտպանված և գրագետ թվային միջավայրում:  Ցանկության դեպքում դասընացի մասնակից ուսանողներից ոմանք հնարավորություն կունենան նաև նկարահանվելու թեմայի վերաբերյալ խորհրդատվական-ուսուցողական տեսահոլովակում: 

Ծրագրի երկրորդ փուլում կանցկացվի  «Մեդիան և մենք. անվտանգ թվային միջավայր» խորագրով ստեղծագործական շարադրությունների,  գեղարվեստական նկարների միջբուհական մրցույթ՝ նպաստելով  թեմայի վերաբերյալ լոռեցի ուսանողերի շրջանում քննադատական մտածողության և ստեղծագործական երևակայության զարգացմանը:

Ծրագրի երրորդ փուլում (2023թ.մայիսին)  շահառու ուսանողների ստացած գիտելիքներն ամրապնդելու, բուհերի միջև առողջ մրցակցություն ձևավորելու, ինչպես նաև ուսանողների ժամանցը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու նպատակով կանցկացվի «Մեդիամարտ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ (բրեյնռինգ), որին կմասնակցեն ծրագրի շահառու ուսանողներից կազմված թիմեր: Ակնկալում ենք յուրաքանչյուր բուհից առնվազն 1 թիմի մասնակցություն՝ 5 անդամով: 

Մրցույթներում հաղթող ուսանողները կարժանան մրցանակների և պատվոգրերի, իսկ դասընթացը հաջողությամբ ավարտողները՝ հավաստագրերի:


Ծրագրով նախատեսված մեկօրյա դասընթացները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝

  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ մարտի 24-ին, ժամը 12:00-ից:
  • Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարան՝ մարտի 25-ին, ժամը 12:00-ից:
  • Վանաձորի պետական համալսարան՝ մարտի 31-ին, ժամը 10:00-ից:
  • Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ՝ մարտի 31-ին, ժամը 14:00-ից:
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ ապրիլի 2-ին, ժամը 12:00-ից:
Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել  դասընթացի մասնակցության առցանց հայտադիմումը: 
 
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողները հայտադիմումները կարող են լրացնել մինչև 2023թ, մարտի 21-ը, ժամը՝ 24:00-ն: 
Վանաձորի պետական համալսարանի, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողների համար հայտադիմումները բաց են մինչև 2023թ, մարտի 29-ը, ժամը՝ 24:00-ն:

Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտադիմումների հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել  096-31-97-91, 093-40-50-82 հեռախոսահամարներով կամ գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր