«Ստեփանավանցի երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության խթանում քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիր



Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում վերջին շրջանում նկատվում էր երիտասարդների ակտիվության  և նախաձեռնողականության զգալի անկում:  «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն, կատարելով իրավիճակի ուսումնասիրություն, փորձեց բացահայտել խնդրի հիմնական պատճառները.  ստեփանավանցի ակտիվ երիտասարդների մեծ մասը, ցավոք, 
Ստեփանավանից տեղափոխվել են բնակության այլ վայրեր, իսկ Ստեփանավանում բնակվող երիտասարդ նոր սերնդի մոտ առկա է մոտիվացիայի, քաղաքացիական ակտիվիզմի  և տեղական ինքնակառավարմանը մասնակցության  մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության պակաս: 


Ուսումնասիրությունների արդյունքում  ՀԿ-ն արձանագրելով համայնքի երիտասարդության ցածր ներգրավվածություն համայնքի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում՝ մշակեց տեղի  երիտասարդների ակտիվությանը խթանող  ծրագիր՝ «Ստեփանավանցի երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության խթանում քաղաքացիական լրագրության միջոցով», որը  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարած 2019թ. չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթում ստացավ առավելագույն միավորներ:

Ծրագրի շրջանակում դեկտեմբերի վեցից տասը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում անցկացվեց հնգօրյա դասընթաց, որի ընթացքում ստեփանավանցի 25 երիտասարդ ձեռք բերեցին քաղաքացիական ակտիվության, համայնքում նախաձեռնություն իրականացնելու, համայնքի կյանքին քաղաքացիական լրագրության միջոցով մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ գիտելիքներ, գրավոր և բանավոր տեղեկատվություն ստանալու, լրագրողական հարացազրույց վարելու, հոդված գրելու, ճիշտ լուսանկարելու և տեսանկարահանելու, այդ ամենը բլոգում տեղադրելու հմտություններ ու փորձ:
Ծրագրի ընթացքում շահառու երիտասարդները քննարկեցին և փորձեցին բացահայտել խոշորացված Ստեփանավան համայնքում առկա խնդիրները, համատեղ որոշել առավել գերակա խնդիրը և դրա լուծման տարբերակները՝   կազմակերպելով համայնքային-քաղաքացիական  նախաձեռնություն:
Ծրագրի շրջանակներում իրականացվեց նաև քաղաքացիական լրագրության  պրակտիկա. շահառու երիտասարդներն իրենց հետաքրքրող համայնքային խնդիրների վերաբերյալ
հարցազույցներ վարեցին Ստեփանավանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ուղղեցին իրենց մտահոգող հարցերը, որոնց վերաբերյալ պատրաստեցին առաջին լրագրողական հոդվածները և տեղադրեցին ծրագրի շրջանակներում բացված բլոգներում՝ այսպես իրականացնելով լրագրողական առաջին փորձերը
Ծրագրի ավարտից հետո շահառուները կշարունակեն լուսաբանել Ստեփանավանի խնդիրներն ու   իրադարձությունները՝ քաղաքացիական լրագրության միջոցով ակտիվորեն մասնակցելով համայնքում իրականացվող տարբեր գործընթացներին, կազմակերպելով համայնքային-քաղաքացիական նախաձեռնություններով: Դասընթացը հաջողությամբ ավարտած քաղաքացիական լրագրող երիտասարդները ստացան հավաստագրեր և հնարավորություն մասնակցելու ծրագրի վերաբերյալ պատրաստվող տեսաֆիլմի նկարահանման և սցենարի մշակման աշխատանքներին:

«Այս ծրագրի շնորհիվ ես ոչ միայն սովորեցի, թե ինչպես կարող եմ մասնակցել համայնքիս կառավարմանը, կազմակերպել քաղաքացիական նախաձեռնություններ, այլև ավելի լավ լուսանկարել և գրել հետաքրքիր նյութեր, բացել ու վարել բլոգ, իսկ դրանք հմտություններ են, որոնք հարկավոր են բոլորիս՝ ոչ միայն որպես քաղաքացիական լրագրող, այլև առհասարակ որպես գրագետ և ժամանակից մարդ»,- ծրագրի ամփոփման ժամանակ նշեց շահառուներից Անի Այվազյանը՝ հավելելով, որ դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները շարունակելու է կիրառել՝ փորձելով իր բլոգում լուսաբանել համայնքային խնդիրներն ու իրադարձությունները, իսկ  հետագայում, ավելի հմտանալով,  նպատակ ունի որպես Ստեփանավանի թղթակից համագործակցել այլ ԶԼՄ-ների հետ՝ որոշակիորեն լուծելով իր զբաղվածության  և աշխատանքի խնդիրը:



Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր