Ծրագրերի մշակման և կառավարման ամառային դպրոց Վանաձորում


Տարվա    երիտասարդական    մայրքաղաքում    ավարտվեց    «Ծրագրերի  մշակման  և կառավարման   ամառային    դպրոց   Վանաձորում»    ծրագիրը

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  2019թ. հուլիսին ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում իրականացրեց «Ծրագրերի մշակման և կառավարման ամառային դպրոց Վանաձորում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ծրագրի շահառու վանաձորցի երիտասարդների՝
ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունների զարգացմանը՝ խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին: Ծրագիրը նպատակ ուներ նաև խթանել տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում երիտասարդական նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացմանը, նպաստել շահառու երիտասարդների առաջնորդության կարողությունների, անհատական ու սոցիալական զարգացմանը, ինչպես նաև զբաղվածության խնդրի որոշակի  մեղմացմանը (շահառու երիտասարդները կարող են կատարել ֆոնդհայթայթում, մշակել դրամաշնորհային ծրագրեր, կառավարել այդ ծրագրերը, ինչպես նաև ընդունել ծրագրեր գրելու պատվերներ այլ կազմակերպություններից կամ անհատներից, աշխատել կամ ներգրավվել տարբեր ՀԿ-ների աշխատակազմերում՝ որպես ծրագրային առաջարկ մշակողներ, ծրագրի ղեկավարներ կամ համակարգողներ): 
 Ծրագրի շրջանակում  հուլիսի 12-16-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց դասընթաց, որին մասնակցում էին տարվա երիտասարդական մայրաքաղաքի 25 երիտասարդ: Նախքան դասընթացն սկսելը կատարվեց մասնակիցների՝ թեմայի վերաբերյալ գիտելիքների գնահատում, որից հետո դասընթացավարներ Արշավիր Ղուկասյանը, Նազելի Ավագյանն ու Վահե Խաչիկյանը, համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները՝ տեսական դասախոսություններն ու գործնական վարժությունները, թիմային ու անհատական աշխատանքները, ծրագրի շահառու երիտասարդներին հաղորդակից դարձրեցին ծրագրերի մշակման ու կառավարման հմտություններին, ֆոնդհայթայթման սկզբունքներին:
Դասընթացի մասնակիցները ծանոթացան ծրագրային ցիկլի կառավարման հիմնական փուլերին՝ կարիքի բացահայտում, ծրագրային առաջարկի ձևակերպում, ծրագրի իրականացում, գնահատում և աուդիտ: Նրանք կատարեցին համայնքի երիտասարդների կարիքների բացահայտում և գնահատում, ապա  ըստ այդ կարիքների լուծմանը միտված ընդհանուր գաղափարների՝ երիտասարդները միավորվեցին  երեք խմբերում՝ մշակելով համայնքի երիտասարդների կարիքների լուծմանը միտված երեք ծրագրեր՝ «Վանաձորի երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպում և հուշարձանների շրջակայքի մաքրում», «Մեդիագրագիտության մակարդակի բարձրացում Վանաձորի երիտասարդների շրջանում»  և  «Առաջին բուժօգնության վերաբերյալ Վանաձորի երիտասարդների կարողությունների զարգացում» ծրագրերը:  Թիմերով աշխատելով վերոնշյալ ծրագրային առաջարկների մշակման վրա՝ երիտասարդները գործնականում  սովորեցին հստակ ձևակերպել ծրագրի հիմնախնդիրը, նպատակը, խնդիրները, պլանավորեցին ծրագրային գործողությունները՝ դրանք ըստ տրամաբանական հաջորդականության ներկայացնելով Գանտի աղյուսակի միջոցով: Նրանք հաշվարկեցին նաև իրենց ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսների ապահովման ծախսերը՝ կազմելով ծրագրերի նախնական բյուջեները: Այնուհետև դասընթացի մասնակիցները հաղորդակից դարձան ծրագրերի գնահատման և վերահսկման մեթոդներին, կատարեցին SWOT (ՈւԹՀՍ) վերլուծություն, ապա փորձեցին գնահատել  իրենց մշակած ծրագրերի ազդեցությունը ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուների վրա՝ կարևորելով ծրագրերի արդյունքների տարածումը, շարունակականությունն ու կայունության ապահովումը:
Ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները յուրացնելուց և գործնականում կիրառելուց հետո, շահառու երիտասարդները ձեռք բերեցին գիտելիքներ ֆոնդահայթայթման վերաբերյալ, ծանոթացան ֆոնդահայթայթման ռազմավարությանն ու հիմնական աղբյուրներին: Նրանց ուշադրությանը ներկայացվեց նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և գերակայությունների իրականացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրվող դրամաշնորհների կարգն ու առանձնահատկությունները:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակից Հերմինե Զարմանյանը, ով նաև մասնակցում էր ծրագերի մշակման և կառավարման ամառային դպրոցին, սույն ծրագիրը որակեց որպես վանաձորցի երիտասարդների ակտիվությանը խթանող քայլ. «Վանաձորը Հայաստանի 2019թ. երիտասարդական մայրաքաղաքն է, սակայն Վանաձորում երիտասարդների շրջանում նկատելի է պասիվություն, նրանք ակտիվ չեն մասնակցում համայնքային միջոցառումներին, նախաձեռնություններով հանդես չեն գալիս, չեն դիմում նախարարության կողմից հատուկ տարվա երիտասարդական մայրաքաղաքի համար հայտարարված դրամաշնորհներին: Պատճառը գուցե հենց իրազեկվածության պակասն էր, չիմացությունը, թե ինչպես պետք է դիմել նախարարության հայտարարած դրամաշնորհային ծրագրերին, ինչպես մշակել մրցունակ ծրագիր և այլն: Այս առումով «Ծրագրերի մշակման և կառավարման ամառային դպրոց Վանաձորում» ծրագրի անհրաժեշտությունն իսկապես կար, և կարծում եմ, որ այսուհետ մեր երիտասարդներն ավելի ակտիվ կլինեն, քանի որ ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերեցին ծրագրեր մշակելու բավարար գիտելիքներ ու հմտություններ, մնում է միայն  իրագործել գաղափարները: Ինքս մի քանի գաղափար ունեմ, որոնցից մեկն արդեն վերածել եմ նախնական ծրագրային առաջարկի և ուզում եմ հասցնել այն իրագործել հենց երիտասարդական մայրաքաղաքի տարվա ընթացքում»:
Դասընթացի ավարտին կատարվեց երիտասարդների մշակած ծրագրերի շնորհանդես, կատարվեց մասնակիցների գիտելիքների վերջնական գնահատում, ապա դասընթացը հաջողությամբ ավարտողներն արժանացան հավաստագրերի: Հարկ է նշել, որ եթե գիտելիքների նախնական գնահատման ժամանակ 275 հարցի համար եղել էր ընդհանուր 153 ճիշտ պատասխան (55,7%), ապա վերջնական գնահատման արդյունքում ճիշտ պատասխանների թիվը հասել էր 253-ի (98,5%), ինչը բավականին տպավորիչ արդյունք է և թույլ է տալիս եզրահանգել, որ ամառային դպրոցի շահառու երիտասարդները հիմնականում կարողացել են յուրացնել ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունները:



Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր