«ԵՂԻ՛Ր ԳՐԱԳԵՏ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԹՎԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության ամառային դպրոցի մասնակցության հրավեր լոռեցի երիտասարդների համար

 


Թեժ ամռան վերջին օրերը մասնակցիր «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման ամառային  դպրոցին   Ստեփանավանում և ստացիր, ապա նաև ընկերներիդ ու ընտանիքիդ անդամներին փոխանցիր կարևոր գիտելիքներ ու հմտություններ ամբողջ կյանքի համար, որոնք

կօգնեն թվային միջավայրում լինել ավելի պաշտպանված ու գրագետ, չդառնալ կիբերհանցագործությունների զոհ, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող զանազան խարդավանքներին:

*** Դասընթացի արդիականությունն ու կարևորությունը

Ներկայիս աշխարհն անհնար է պատկերացնել առանց թվային միջավայրի: Հատկապես երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում՝ տարաբնույթ շփումներ սոցիալական ցանցերում, տեսանյութերի դիտումներ, ամենատարբեր տեղեկատվական աղբյուրների կողմից արտադրված ոչ հավաստի տեղեկատվության սպառում ու տարածում, ակամայից վիրուսների ու սպամների տարածում, օնլայն խաղեր, որոնցից շատերն ազդում են հոգեվիճակի վրա, անգամ դրդում ինքնասպանությունների, առցանց էլեկտրոնային առևտուր, որը հաճախ ավարտվում է մարդկանց բանկային տվյալները կորզելով և դրամաշորթությամբ...

Արյունքում շատ երիտասարդներ տրվում են թվային միջավայրում առկա ամենատարբեր մեդիա մանիպուլյացիաներին և դառնում տարբեր կիբերհանցագործությունների զոհ՝ ֆիշինգ, անձնական տվյալների գողություն, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածում, համակարգչային ծովահենություն, կիբերբուլինգ և այլն:

Թվային միջավայրում գրագետ և պաշտպանված լինելն առավել կարևոր է հակամարտությունների մեջ գտնվող երկրներում, որտեղ մեդիան, որպես հզոր զենք, օգտագործվում է հակառակորդի կողմից զանազան կիբերհանցագործությունների և ապատեղեկատվություն տարածելու նպատակով, եւ սահմանին ընթացող իրական պատերազմից զատ ընթանում է նաև թեժ տեղեկատվական պատերազմ և կիբերպատերազմ, որի մեջ կարող է ներքաշվել մեզնից յուրաքանչյուրը:

Ուստի մեր օրերում թվային միջավայրում գրագետ և պաշտպանված լինելը ժամանակի պահանջ է:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԱՌՑԱՆՑ ՏԻՐՈՒՅՈՒԹՄ ԵՎ ՉԴԱՌՆԱԼ ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀ:

ԱՄԵՆԱՊԱՐԶ ՈՒՂԻՆ ՍՈՎՈՐԵԼՆ Է:

Հաշվի առնելով այս ամենը՝ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր լոռեցի երիտասարդների համար» նախագիծը, որի նպատակն է զարգացնել ծրագրի շահառու երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, կիբերգրագիտության և թվային գրագիտության ուղղություններով և նրանց միջոցով, որպես թվային գրագիտության համայնքային առաջնորդների, թվային գրագիտության էթիկան ու կանոնները տարածել ծրագրի թիրախ համայնքներում:

Ծրագրի առաջին փուլում Ստեփանավան քաղաքում օգոստոսի 22-24-ը կանցկացվի եռօրյա ամառային դպրոց, որին կարող են մասնակցել Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներից 16-30 տարեկան երիտասարդներ, որոնք տեսական և գործնական առաջադրանքների, «մեդիամարտերի» ու խաղերի միջոցով կսովորեն լինել ավելի պաշտպանված և գրագետ թվային միջավայրում, ինչպես նաև կսովորեն բացել և վարել բլոգ՝ այնտեղ տեղադրելով ստուգված մեդիա տեղեկատվություն: Ցանկության դեպքում ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան նաև նկարահանվելու «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» խորագրով խորհրդատվական-ուսուցողական տեսահոլովակում, իսկ լավագույնները կստանան հնարավորություն իրենց համայնքներում անցկացնելու թվային գրագիտության վերաբերյալ մեդիաարշավներ և սեմինարներ:  

Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր:

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի օգոստոսի 19-ը՝ ժամը 24:00-ն, լրացնել դասընթացի մասնակցության առցանց հայտադիմումը: Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտադիմումների հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

 Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 096-31-97-91, 093-40-50-82 հեռախոսահամարներով կամ գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր