Լոռեցի ուսանողները՝ մեդիագրագիտության և կիբեռանվտանգության դեսպաններ


Լոռու մարզում ավարտվեց «Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող երիտասարդների համար» նախագիծը, որը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում։

Ծրագիրն իրականացվել է  2023 թվականի փետրվարի 1-ից հունիսի 30-ը Վանաձորի 5 բուհերում` նպատակ ունենալով զարգացնել ծրագրի  մասնակից լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբեռգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբեռհանցագործություններից:


Նախագծի առաջին փուլում ծրագրի թիրախ բուհերում (Վանաձորի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ, Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարան) անցկացվել են մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ուղղությամբ կարողությունների զարգացման մեկօրյա դասընթացներ, որոնց ընդհանուր մասնակցել է 100 ուսանող:


Դասընթացների ընթացքում կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների, ինտերակտիվ մեդիա խաղերի համադրմամբ մասնակից լոռեցի երիտասարդները հաղորդակից են դարձել համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորել քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, պաշտպանել անձնական տվյալները, չդառնալ տարատեսակ կիբեռհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:  



Ծրագրի երկրորդ փուլում անցկացվել է «Մեդիան և մենք. Անվատանգ թվային միջավայր» խորագրով ստեղծագործական շարադրությունների և գեղարվեստական նկարների մրցույթ, որի նպատակն էր՝ նպաստել թեմայի վերաբերյալ քննադատական մտածողության և ստեղծագործական երևակայության զարգացմանը լոռեցի ուսանողների շրջանում: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ շարադրությունների մրցույթը համարվել է չկայացած՝ բավարար քանակով (ստացվել է ընդամենը 5 աշխատանք) և որակով՝ մրցույթի համար սահմանված որակական չափանիշներին համապատասխանող աշխատանքներ չստանալու պատճառով:

-Ցավալի է նկատել, որ ուսանողները չեն կարողացել գեղարվեստորեն արտահայտել իրենց մտքերը մրցույթի թեմայի վերաբերյալ և գրել մրցունակ շարադրություններ: Առհասարակ ներկայացված շարադրությունները մրցութային թեմային ոչ լիարժեք համապատասխանելուց բացի, մեղմ ասած, գնահատման ենթակա չէին, աչքի էին ընկնում ոճական, ուղղագրական, կետադրական բազմաթիվ սխալներով: Կային նաև արտատպումներ համացանցից, որոնք մեր մրցութային հանձնաժողովը հեշտությամբ հայտանաբերել է՝ համարելով անվավեր:


Այստեղ կարծում եմ բոլորս՝ թե՛ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, թե՛ դպրոցներն ու բուհերը, թե՛ կրթության ոլորտի հետ համագործակցող ՀԿ-ներն ու անհատները, լուրջ անելիք ունենք, երիտասարդների ստեղծագործական երևեկայությունը զարգացնելու և միտքը, խոսքը հայերեն լեզվով գրագետ արտահայտելու ունակությունները զարգացնելու նպատակով,-նշում է «ԿԱՄՔ»  ՀԿ նախագահ Նազելի Ավագյանը:

           


Նախագծի ավարտը նշանավորվեց «Մեդիամարտ» միջբուհական ինտելեկտուալ խաղ-մրցույթով (brain-ring), որին մասնակցում էին դասընթացներին մասնակցած ուսանողներից կազմավորված թիմեր: «Մեդիամարտ»-ի  նպատակն էր ինտելեկտուալ խաղ-մրցույթի միջոցով ոչ միայն ամրապնդել ծրագրի շահառուների գիտելիքները, այլև խաղի միջոցով նպաստել միջոցառման ներկաների շրջանում մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև Վանաձորի բուհերի ուսանողների միջև առողջ մրցակցությանը, համագործակցության նոր՝ մեդիա հարթակի ձևավորմանը, Վանաձորում ուսանողական կյանքի աշխուժացմանն ու բովանդակալից ժամանցի կազմակերպմանը:

«Մեդիամարտ»-ը տեղի ունեցավ հունիսի 18-ին Վանաձորի թիվ 7 դպրոցի դահլիճում,  ներկա էին
շահառու բուհերի ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, ծրագիրն իրականացնող ՀԿ-ի գործընկերներ ու կամավորներ:  Տեսակապով միջոցառման ընթացքին հետևում էին նաև դրամաշնորհատու կազմակերպության՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ներկայացուցիչները:


Նախքան խաղ-մրցույթը «ԿԱՄՔ»  ՀԿ նախագահ Նազելի Ավագյանն ամփոփեց և հանրությանը ներկայացրեց «Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» նախագծի արդյունքները, անդրադարձավ ծրագրի խնդիրներին ու ձեռքբերումներին, ապա հավաստագրեր հանձնվեցին դասընթացները հաջողությամբ ավարտած երիտասարդներին:

Ամփոփվեց նաև «Մեդիան և մենք. անվտանգ թվային միջավայր» խորագրով նկարների մրցույթը, հաղթողներն արժանացան գավաթների: Առաջին պատվավոր հորիզոնականն զբաղեցրեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանող Գրիգոր Պեպանյանը, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար ՎՊՀ-ի ուսանողներ  Ստելլա Առաքելյանը և Ժորժ Վարդանյանը

 
Մասնակցության հավաստագրերի և խրախուսական նվերների արժանացան նաև շարադրությունների և նկարների մրցույթներին մասնակցած ուսանողները և նախագծի տարբեր փուլերին ակտիվություն ցուցաբերած երիտասարդները:  Այնուհետև մեկնարկեց միջբուհական ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցում էին ծրագրի շահառու 5 բուհերի թիմերը՝ յուրաքանչյուր թիմում 5 մասնակից:

Երեք փուլից բաղկացած խաղ-մրցույթը վարում էր ծրագրի համակարգող Վահե Մարդոյանը, գնահատում մեդիա փորձագետներից և անկախ լրագրողներից կազմավորված մրցութային հանձնաժողովը: Թեժ պայքարի արդյունքում «Մեդիամարտ»-ում հաղթղ ճանաչվեց ՎՊՀ թիմը, երկրորդ մրցանակային տեղն զբաղեցրեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի թիմը, երրորդ տեղը՝ ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի թիմը:


Նշենք, որ «Մեդիամարտ»-ից առաջ միջոցառման ներկաները դիտեցին ծրագրի շրջանակում պատրաստված «Մեդիան և մենք. անվտանգ թվային միջավայր»  ուսուցողական սոցիալական տեսահոլովակը , որում նկարահանվել էին ծրագրի դասընթացներին մասնակցած լոռեցի ուսանողներ՝ հոլովակի միջոցով հանրությանը հղելով իրենց ուղերձները  համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ:

Տեսահոլովակի QR կոդով և ծրագրի տարբերանշանով պատրաստվել են  այսպես ասած խոսող և «թվային միջավայրում պաշտպանող, մեդիագրագետ շապիկներ», որոնք ամփոփիչ միջոցառման ընթացքում բաժանվեցին ներկաներին, ծրագրի տարբեր փուլերում ակտիվ մասնակցություն ունեցած երիտասարդներին:

Սկանավորելով շապիկի QR կոդը՝ այն հագնողները կարող են ունկնդրել ծրագրի շահառու լոռեցի երիտասարդների խորհուրդները, թե ինչպես լինեն պաշտպանված և մեդիագրագետ թվային միջավայրում: Խորհրդանշական շապիկներն ստացողներին ծրագրի աշխատակազմն ու ՀԿ-ի կամավորները հորդորում էին  «մեդիագրագետ, խոսող» շապիկի մասին պատմել և նրանից ստացած տեղեկատվությունը կիսել առնվազն մեկ այլ անձի հետ՝ ընկեր, ընտանիքի անդամ՝ այդ կերպ նպաստելով հանրության շրջանում մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության տարածմանը այլընտրանքային մեթոդով:


Գնահատելով «Թվային միջավայրում պաշտպանված և մեդիագրագետ ուսանող» նախագծի ազդեցությունը՝ կարելի է արձանագրել, որ ծրագրի շնորհիվ Լոռու մարզկենտրոնի բուհերի ուսանողության շրջանում բարձրացել է մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ գիտելիքների մակարդակը:

Ինչպես հավաստում են ծրագրի շահառու ուսանողներից
շատերը՝ մեդիագրագիտության և  կիբեռանվտանգության վերաբերյալ ստացած գիելիքները նրանք սկսել են փոխանցել իրենց ընտանիքի անդամներին, ընկերներին, համայնքների բնակիչներին: ՎՊՀ ուսանող, ծրագրի ակտիվ մասնակից Արամ Ամիրխանյանը պատմում է, որ իր համայնքում՝ Լոռու մարզի Մարց գյուղում, դպրոցահասակ երեխաների համար  կազմակերպել են ամառային ճամբար, որի ընթացքում դասընթացից ստացած գիտելիքները Արամը փոխանցել է ճամբարի մասնակից երեխաներին, նրանք էլ՝ իրենց ընտանիքների անդամներին:

Այսպիսով՝ կարելի ասել, որ ծրագրի շահառու ուսանողները, որպես մեդիագրագիտության դեսպաններ, ծրագրի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները տարածում իրենց համայնքների բնակիչների շրջանում, ինչն էլ անշուշտ կնպաստի Լոռու մարզի բնակչության շրջանում մեդիագրագիտության և թվային գրագիտության մակարդակի բարձրացմանը և կիբեռհանցագործությունների  ենթարկման վտանգի նվազեցմանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր