«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր

Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված  համայնքների 16-30 տարեկան սիրելի՛ երիտասարդնե՛ր,

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է  մասնակցելու «Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծին, որի շնորհիվ ձեռք կբերեք 21-րդ դարում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն թվային միջավայրում լինել ավելի պաշտպանված ու մեդիագրագետ, չդառնալ կիբերհանցագործությունների զոհ, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող զանազան խարդավանքներին:

Ծրագրի առաջին փուլում Ստեփանավան քաղաքում (հասցեն` Սուրբ Նշան 17, Քաղաքային գրադարարանի Երիտասարդական կենտրոնում) կանցկացվեն երկօրյա դասընթացներ (ապրիլի 27-28-ը` Գյուլագարակի և Ստեփանավանի 1-ին խմբի երիտասարդների, մայիսի 4-5-ը՝ Լոռի Բերդի և Ստեփանավանի 2-րդ խմբի երիտասարդների համար), որին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ վերոնշյալ խոշորացված համայնքների բնակավայրերից: Խրախուսվում է դպրոցների բարձր դասարանների աշակերտների, երիտասարդ ուսուցիչների մասնակցությունը, որոնք պատրաստ կլինեն ստացած գիտելիքները տարածել իրենց շրջապատում: Կարևորվում է նաև շահառու համայնքներում բնակվող արցախցի և սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնակցությունը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ և հմտություններ մեդիագրագիտության, կիբերգրագիտության, փաստերի ստուգման, համացանցում անձնական տվյալների պաշտպանության և թվային միջավայրում հնարավորինս անվտանգ լինելու վերաբերյալ, կզարգացնեն քննադատական մտածողություն: Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր, իսկ լավագույնները կընտրվեն որպես «Մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» և, զարգացնելով տեղեկատվական արշավներ, սեմինար- քննարկումներ վարելու հմտություններ, դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները կտարածեն իրենց համայնքներում՝ թվային և ոչ թվային միջավայրներում:

Ծրագրի հետագա փուլերի մանրամասներին կիրազկվեն դասընթացները հաջողությամբ ավարտած երիտասարդները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել «Մեդիամարտ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ, «Ես_մեդիագագետ_եմ» #մեդիաչելենջ տեսանյութերի մրցույթ, ծրագրի մասնակիցները, ըստ ցանկության, հնարավորություն կունենան նկարահանվելու մեդիագրագիտության և կիբերգրագիտության վերաբերյալ ուսումնական տեսահոլովակում:

Նախագծի մասնակից դառնալու համար հարկավոր է մինչև սույն թվականի ապրիլի 24- ը` ժամը 24:00-ն, լրացնել  դասընթացի մասնակցության  հայտադիմումը:

Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ: Ծրագիրը հոգում է մասնակիցների ուղևորափոխադրման և սննդի ծախսերը: Ընտրությունը կկատարվի հայտադիմումների հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  093-40-50-82, 077392814 կամ 043371221  հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել mediagragetlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի ընդհանուր նպատակն է՝ զարգացնել Լոռու մարզի Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքներից 60 երիտասարդի մեդիագրագիտության և կիբերգրագիտության հմտությունները և, կազմավորելով մեդիագրագիտության երիտասարդ դեսպանների հանրույթ, նրանց միջոցով ծրագրի թիրախ համայնքներում (թվային և ոչ թվային միջավայրներում) նպաստել մեդիագրագիտության վերաբերյալ տեղեկատվության տարածմանն ու կիբերհանցագործությունների ենթարկման վտանգի նվազեցմանը:

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» ենթադրամաշնորհային նախագիծն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում:
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»