Համայնքների խոշորացման փնջերի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն Մասիսի տարածաշրջանում


 «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում 2018 թ. ապրիլ ամսին «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացրեց հանրային կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի նախկին տարածաշրջանում վարչատարածքային բարեփոխումների (այսուհետ՝ համայնքների խոշորացման) վերաբերյալ։
Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել համայնքների ղեկավարների, համայնքային աշխատողների և բնակիչների հիմնական ակնկալիքները և մտավախությունները՝ կապված համայնքների խոշորացման գործընթացի հետ:


 
Թեմայի վերաբերյալ 2018թ. ապրիլի առաջին կեսին Մասիսի տարածաշրջանի 27 համայնքներից  26 համայնքների ղեկավարների հետ անցկացվեցին հեռախոսային հարցումներ։ Միայն Սայաթ-Նովա համայնքի ղեկավարը տարբեր պատճառաբանություններով հարցազրույց չի տվել: Ապրիլի 21-ին Մասիսի «Նոյան» հանդիությունների սրահում կազմակերպվել էր հանրային քննարկում
(Town Hall), որին հրավիրվել են Մասիսի տարածաշրջանի 27 համայնքների ղեկավարներ,
աշխատակազմերի աշխատակիցներ, ավագնու անդամներ  և բնակիչների ակտիվ խմբերի ներկայացուցիչներ։ Թեև նախնական մոտ 120 հոգու ցուցակ էր կազմվել, սակայն հանրային քննարկմանը մասնակցեցին հրավիրվածներից ընդամենը 18 մարդ՝ տարածաշրջանի 27 համայնքների 8 համայնքից (Մասիս, Այնթապ, Ազատաշեն, Սայաթ-Նովա, Ղուկասավան, Գեղանիստ, Նորամարգ և Ռանչպար համայնքներից): Ընդ որում, ոչ մի համայնքի ղեկավար ներկա չէր, իսկ համայնքապետարաններից միայն Մասիսի քաղաքապետի տեղակալն էր ներկա։ Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը:
Մինչև քննարկումը սկսելը՝ հեռախոսներով փորձվեց ճշտել համայնքների ներկայացուցիչների՝ հանդիպմանը չներկայանալու պատճառները: Բերվում էին տարբեր պատճառաբանություններ՝ հիվանդ եմ, տեղ եմ գնացել, ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով ճանապարհները փակ են, ցույցի եմ գնացել… Որոշ դեպքերում նույնիսկ ասում էին, որ ճանապահին են, սակայն այդպես էլ չներկայացան: Կային մարդիկ, ովքեր զանգերին չէին պատասխանում կամ պարզապես անջատում էին հեռախոսը:  Եղավ նաև մեկ մտահոգիչ պատասխան ևս` «վերադասս թույլ չի տվել»:
Հանրային քննարկումն այնուամենայնիվ կայացավ: Ներկաները բաժանվեցին 3 խմբի՝ նախապես որոշված 8 խմբի փոխարեն: Մասնակիցներին խմբերում ընդգրկելիս կազմակերպիչների կողմից ապահովվեց  մեկ խմբում նույն համայնքից առավելագույնը 1 կամ 2 ներկայացուցչի մասնակցությունը, ինչը հնարավորություն տվեց խուսափել նույն համայնքի ներկայացուցիչների՝ իրար խանգարելու կամ քննարկման վրա բացասական ազդեցություն ունենալու խնդրից։
Քննարկման սկզբում ծրագրի փորձագետը շատ հակիրճ ներկայացրեց քննարկման նպատակը, որոշ պարզաբանումներ տվեց համայնքային ծառայությունների վերաբերյալ: Քննարկումն իրականացվեց  մեկ փուլով, որի ընթացքում յուրաքանչյուր սեղանի օժանդակող, ըստ հարցաշարի հարցերի հերթականության, քննարկման արդյունքում բացահայտեց բոլոր մասնակիցների տեսակետները, իսկ արձանագրողներն այն արձանագրեցին:

Հանրային քննարկման ավարտից հետո ծրագրի աշխատակազմը փորձեց կատարել
իրավիճակի վերլուծություն: Հանրային քննարկաման սակավամարդ լինելը նախ և առաջ կապվեց այդ օրերին Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական արտակարգ իրավիճակի հետ՝ ցույցեր, քաղաքացիական անհնազանդություն, ճանապարհների անանցանելիություն, հեղափոխական տրամադրություն: Հետագայում, ծրագրի համակարգողին որոշ համայնքների ներկայացուցիչներ, ովքեր խնդրել էին իրենց անունը չնշել, ասել էին, որ վերջին պահին իրենց Արարատի մարզպետարանից արգելել են մասնակցել հանդիպմանը: Հիմնական պատճառաբանությունը եղել էր այն, որ մարզպետարանի համապատասխան պաշտոնյաներին տեղյակ չի պահվել միջոցառման մասին, այդ պատճառով էլ իրենք արգելել են: Սակայն, հնչեց նաև տեսակետ, որ մարզպետարանը խոչընդոտել է, քանի որ իրենք արդեն խոշորացման առաջարկ ուղարկել են ՀՀ կառավարություն և այլընտրանքային տարբերակի առաջարկը իրենց համար ցանկալի չէ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ծրագրային թիմը որոշեց մեկնել համայնքներ, հիշելով  հայտնի ասացվածքը. «Եթե սարը չի գնա Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ»:  Տեղերում, ըստ հանրային քննարկման համար նախատեսված հարցաշարի, համայնքների բնակիչների հետ անցկացվեցին հարցումներ՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ Մասիսի տարածաշրջանի բնակիչների կարծիքն ուսումնասիրելու նպատակով: Որոշ համայնքների ներկայացուցիչների տեսակետերն էլ վերհանվեցին հեռախոսային հարցումների միջոցով: Հարկ է նշել, որ համայնքներում այցելությունների ժամանակ բնակիչները մեծամասամբ համաձայնվում էին մասնակցել հարցումներին  պայմանով, որ այն լինի անանուն: Դա հիմնականում բացատրվում էր նրանով, որ հարցվողները չէին
ուզում ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել և խնդիրներ ունենալ տեղական կամ կենտրոնական իշխանությունների հետ: Այդ ամենը պայմանավորված էր նաև այդ օրերին հանրապետությունում տիրող ներքաղաքական լարված իրավիճակով, քանի որ բնակիչները սկզբից մտավախություն ունեին, որ հարցումների իրական նպատակը իրենց վերաբերմունքի բացահայտումն է տեղի ունեցող զանգվածային միջոցառումների նկատմամբ:
Իրականացնելով նմանատիպ հարցում՝ պարզվեց, որ համայնքների խոշորացման գործընթացի նկատմամբ բնակչության կարծիքի ավելի իրական պատկեր կարելի է ստանալ համայնքներ շրջայցեր կատարելով և տեղերում՝ համայնք առ համայնք, փոքրիկ հանրային քննարկումներ կազմակերպելով։ Փորձը ցույց տվեց նաև, որ այս դեպքում հանրային քննարկումների կազմակերպման համար մարդկային կամ ֆինանսական ռեսուրսների մեծ տարբերություն չի լինի։ Եվ՛ հանրային քննարկման, և՛ համայնքներում այցելությունների ժամանակ ակնհայտ էր բնակչության իրազեկվածության ցածր մակարդակը նախատեսվող գործընթացից, շատ հարցերում թյուր պատկերացումները գործընթացից:
Մասնավորապես, բնակիչները նշում էին, որ ամեն մի տեղեկանքի համար պետք է գնան համայնքի կենտրոն: Այս քննարկումը, այցելությունը համայնքներ և հարցումները ինչ որ տեղ նաև բնակչության շրջանում իրազեկման բարձրացմանը նպաստող դեր ունեցավ, քանի որ ներկայացվեց խոշորացման հայեցակարգը և կառավարման հետագա կառուցվածքը:
Ծրագրային թիմը, ամփոփելով տարածաշրջանի համայնքների ղեկավարների, համայնքային աշխատողների և բնակիչների` համայնքների խոշորացման հնարավոր փնջաերի ձևավորման, խոշորացվող համայնքների առավելագույն և նվազագույն քանակի, խոշորացվող համայնքի կենտրոն բնակավայրի և այլ հարցերի շուրջ եղած դիտարկումները և վերլուծելով հանրության կարծիքը, առաջարկում է Մասիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման փնջերի հետևյալ նախագծերը.

Փունջ 1համար շատ տարբերակներ են նշվել, սկսած այն տարբերակից, որ տարածաշրջանի բոլոր 27 համայնքները միավորվեն և դառնան մեկ համայնք։ Եղել է նաև տարբերակ, որ Մասիսին միանան միայն նրա շրջակա հինգ – վեց գյուղերը։

Փունջ 1
N
Համայնքը
Բնակչությունը  
Հեռավորությունը կենտրոնից (կմ)
1.
Մասիս
20500
-
2.
Նիզամի
1658
4,9
3.
Նորամարգ
2003
7,3
4.
Ռանչպար
1650
8,2
5.
Սայաթ-Նովա
1739
4,7
6.
Սիս
1982
8,2

Ընդհանուրը
29532


Փունջ 2այս տիպի միավորումը նշողները շատ էին։ Միակ տարբերությունը եղել է կենտրոն համայնքի հետ կապված, քանի որ մի մասը որպես կենտրոն համայնք նշել են Այնթափը, մյուս մասը՝ Նոր Խարբերդը։ Նոր Խարբերդը մոտ 1000 բնակչով պակաս է Այնթափից, սակայն այն եղել է քաղաքատիպ ավան   և ենթակառուցվածքների ու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների առումով որոշ առավելություններ ունի Այնթափի նկատմամբ։ Մասնավորապես՝ Այնթափից Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոց և երաժշտական դպրոց շատ երեխաներ են հաճախում։

Փունջ 2
N
Համայնքը
Բնակչությունը  
Հեռավորությունը կենտրոնից (կմ)
1.
Նոր Խարբերդ
8500
-
2.
Այնթապ
9550
2,6
3.
Արևաբույր
1100
6,9
4.
Մարմարաշեն
4020
4,5
5.
Նոր Կյուրին
1101
6,2
6.
Ջրահովիտ
1260
6,6

Ընդհանուրը
25531


Փունջ 3-ն ստացվել է տարբեր փոքր խմբերի առաջարկների համադրման և խմբավորման արդյունքում։ Չնայած այս փնջի բնակավայրերի բնակչության ընդհանուր թիվը բավականին օպտիմալ է ստացվել՝ 15666 մարդ, այս փնջի թերությունն այն է, որ աճի բևեռ չունի՝ բոլորը թույլ ու միջին մեծության բնակավայրեր են։ Հնարավոր է, որ այս փունջը խոշորացման արդյունքում թույլ լինի, եթե այս համայնքի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում չցուցաբերվի համայնքային ծառայությունների բարելավման նպատակով սուբսիդիաների հատկացման տեսքով։

Փունջ 3
N
Համայնքը
Բնակչությունը  
Հեռավորությունը կենտրոնից (կմ)
1.
Դարակերտ
2342
-
2.
Արգավանդ
1715
7,2
3.
Գեղանիստ
2394
6,0
4.
Գետափնյա
1276
4,8
5.
Դաշտավան
2193
1,9
6.
Զորակ
1631
3,0
7.
Ղուկասավան
2128
2,4
8.
Նորաբաց
1987
2,4

Ընդհանուրը
15666


Փունջ 4-ի դեպքում ամենամեծ համայնքը Հովտաշատն է, սակայն Հայանիստը որպես կենտրոն շատերն են նշել: Բացի այդ, նման խմբավորման դեպքում Հայանիստը ավելի կենտրոնական դիրք ունի, քան Հովտաշատը։ Քանի որ վերլուծությունն արվել է, հաշվի առնելով հարցումների և հանրային քննարկման արդյունքները, որի ընթացքում ավելի շատ դեպքերում որպես փնջի կենտրոն առաջարկվել է Հայանիստը, այդ պատճառով Հայանիստն է նշվել որպես փնջի կենտրոն:
Փորձագիտական տեսակետից նպատակահարմար կլինի որպես փնջի կենտրոն ընտրել Հովտաշատը, հաշվի առնելով, որ այս երկու համայնքները իրար կպած են և Հովտաշատը մոտ 1400 բնակիչ ավելի ունի, քան Հայանիստը: Ենթակառուցվածքներն էլ Հովտաշատում ավելի զարգացած են, քան Հայանիստում:

Փունջ 4
N
Համայնքը
Բնակչությունը  
Հեռավորությունը կենտրոնից (կմ)
1.
Հայանիստ
2046
-
2
Ազատաշեն
786
5,6
3.
Արբաթ
1801
6,0
4.
Դարբնիկ
1360
2,3
5.
Խաչփառ
1887
4,1
6.
Հովտաշատ
3497
4,5
7.
Սիփանիկ
2253
2,8

Ընդհանուրը
13630


Նախագծերը կազմելիս փորձագետը առավելագույնս հաշվի է առել արված առաջարկները և հիմնական խնդիր է դրել իր առջև, որ առաջարկների համադրումից ստացված փնջերը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի նիստի N 44 արձանագրային որոշմամբ հաստատված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում» ամրագրված սկզբունքներին և չափորոշիչներին համապատասխան լինեն: Այս առաջարկության նպատակը համայնքների ղեկավարների, համայնքային աշխատողների և բնակիչների տեսակետի ամփոփումն ու ներկայացումն է:


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր