Իջևանում ավարտվեց «Մեդիա մասնակցություն» ծրագիրը


ՀՀ տարվա երիտասարդական  մայրաքաղաք Իջևանում ավարտվեց  «Մեդիա մասնակցություն»  եռամսյա ծրագիրը, որն իրականացրեց  «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական  ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝  ՀՀ  սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում տավուշցի 25 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են համայնքի տեղական ինքնակառավարմամբ և  նոր մեդիայով, հուլիսի 14-17-ը Իջանում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային գրասենյակում, մասնակցեցին քառօրյա դասընթացի՝ ձեռքբերելով գիտելիքներ և հմտություններ «Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության և թափանցիկության հիմունքների, մասնակցային կառավարման կարգի, համայնքային նախաձեռնություն՝ հանրագիր իրականացնելու մեխանիզմների, նոր մեդիայի, քաղաքացիական լրագրության և բլոգավարության հիմունքների վերաբերյալ։


Ինտերակտիվ մեթոդների վրա հիմնված դասընթացը համակարգեցին ՏԻՄ և մեդիա դասընթացավարներ Արշավիր Ղուկասյանը և Նազելի Ավագյանը:  Համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները՝ տեսական դասախոսությունները, գործնական թիմային ու անհատական աշխատանքները՝ նրանք մասնակիցներին հաղորդեցին  մեդիայի միջոցով համայնքի կյանքին մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ ինչպես  ստանալ գրավոր և բանավոր տեղեկատվություն, վարել


լրագրողական հարացազրույց,  պատրաստել  լրատվական հոդված՝ տարբերակելով լուրը գովազդից և փիարից, ճիշտ լուսանկարել և տեսանկարահանել, բացել և վարել բլոգ, կազմակերպել և իրականացնել համայնքային նախաձեռնություն, մի խոսքով՝ ինչպես մեդիայի միջոցով մասնակցել համայնքի տեղական ինքնակառավարմանը:   
Ստացած տեսական գիտելիքներն ապագա քաղաքացիական լրագրողներն ամրապնդեցին գործնական պարապմունքներով:
Կիրառելով լուսանկարչական արվեստի վերաբերյալ տեսական գիտելիքները՝ նրանք փորձեցին լուսանակարել տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջևանի մշակութային, տեսարժան վայրերը, խնդիրները և առօրյան: Հարկ է նշել, ապագա քաղաքացիական լրագրողները, շրջելով Իջևանի շուկայում, փողոցային առևտուրը ներկայացնող մի քանի լուսանկարներ արեցին:  Նկատելով փողոցային առևտուրը լուսանկարող երիտասարդներին՝ առևտրականներն սկսել էին փողոցում վաճառվող մսամթերքն արագ տեղափոխել  տաղավարների  մեջ:


Դե իսկ  հաջորդ օրը փողոցում ընդհանրապես նկատելի չէին տաղավարներից դուրս կախված մսամթերքները:  
Ծրագրի շահառուները  հնարավորություն ստացան նաև իրականացնելու իրենց լրագրողական առաջին պրակտիկան: «Մեդիա մասնակցություն»  ծրագրի շրջանակներում նրանք այցելեցին Իջևանի քաղաքապետարան, հարցազրույցներ վարեցին   համայնքապետարանի  տարբեր բաժինների աշխատակիցների և համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հետ՝ իրենց հուզող հարցերն ուղղելով համայնքի տեղական ինքնակառավարման մարմիներին:
Նշենք, որ համայնքի ղեկավարի հետ հարցազրույցն ակամայից վերածվեց մամուլի ասուլիսի:  Թե՛ քաղաքապետը, թե՛ քաղաքապետարանի տարբեր բաժինների մասնագետները, սիրով պատասխանելով  երիտասարդ լրագրողների հարցերին, կարևորեցին նմանատիպ ծրագրերի դերը ՏԻՄ-երիտասարդություն փոխհարաբերությունների սերտացման տեսանկյունից:
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած հարցազրույցների վերաբերյալ տավուշցի ապագա լրագրողները պատրաստեցին  հոդվածներ և տեղադրեցին    ծրագրի շրջանակներում բացված «Մեդիա Տավուշ» բլոգում, որը վարելու հնարավորություն ունեն ծրագրի բոլոր մասնակիցները: Ծրագրի շրջանակներում նրանք ստացան նաև անվճար խորհրդատվություն բլոգավարության վերաբերյալ՝ զարգացնելով բլոգ վարելու գործնական հմտությունները: Արդյունքում շահառուներից շատերը, ըստ իրենց նախասիրությունների և հետաքրքությունների,  ծրագրի ընթացքում ստեղծեցին իրենց անհատական  բլոգները:
 «Մեդիա մասնակցություն» դասըթնացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն ստացան հավաստագրեր և մեդիայի վերաբերյալ ուսումնական նյութերով բեռնված տեղեկատվական կրիչներ, որոնք անհրաժեշտ կլինեն հետագայում՝ մեդիա գործունեություն իրականացնելու համար: Նրանք ստացան նաև հնարավորություն  մասնակցելու  ծրագրի վերաբերյալ  պատրաստվող  տեսաֆիլմի  և «Ինչպես մասնակցել համայնքի կառավարմանը մեդիայի միջոցով  տեսահոլավակի սցենարի պատրաստման և նկարահանման աշխատանքներին: 


Նշենք, որ «Մեդիա մասնակցություն» ծրագրի նպատակն է՝ նպաստել մասնակից երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նրանց մեդիա մասնակցությանը համայնքային կյանքին: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և նոր մեդիայի միջոցով ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը, համայնքում երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, թվային և մշակութային մասնակցության մակարդակի բարձրացմանը:


Ինչպես նշում են դասընթացի մասնակիցներն՝ ամենակարևորն ձեռքբերումն այն էր, որ իրենք գիտակցեցին իրենց տեղն ու դերը համայնքում՝ սովորելով մեդիայի միջոցով մասնակցել համայնքի կառավարմանը, բարձրաձայնել համայնքային խնդիրներ և հանդես գալ համայնքային նախաձեռնություններով:

Մեդիա մասնակցություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ





Комментарии

Популярные сообщения из этого блога

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Приглашение к участию в международной молодежной конференции «Медиа-манипуляции и киберпреступления, распространенные в странах СНГ, с точки зрения молодежи»

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր